Ավիացիա

Ավիացիա

Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին օդանավերի առուվաճառքի, լիզինգի, վարձակալության, գրավի և այլ պայմանագրերի բանակցման, պայմանագրերի նախագծերի պատրաստման և կնքման հարցում: Մենք սերտորեն աշխատում ենք ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, պատրաստում և մեր հաճախորդների անունից ներկայացնում ենք օդանավերի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ողջ փաթեթը, ներկայացնում ենք հայտեր օդանավի արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ և օդանավերի ապագրանցման և օտարերկրյա պետություն արտահանելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր ստանալու համար:

Բանկեր և ֆինանսական ծառայություններ

Բանկեր և ֆինանսական ծառայություններ

Մեր հաճախորդներին (ֆինանսական հաստատություններին` բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին և այլն) մենք խորհրդատվություն ենք տրամադրում ՀՀ համապատասխան օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջների վերաբերյալ, օժանդակում ենք լիցենզիաներ/թույլտվություններ ստանալիս, ներկայացնում ենք նրանց՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ հարաբերություններում (դիմումներ ներկայացնելիս, ստուգումների, ուսումնասիրությունների, պատասխանատվության միջոցների կիրառման վարույթի ընթացքում և այլն): Մենք տրամադրում ենք նաև իրավական աջակցություն ընկերություններ հիմնադրելու, բաժնետոմսերի/բաժնեմասերի փոխանցման, ձեռքբերման, տնօրինման և նման այլ գործարքների հետ կապված:

Նորաձևություն

Նորաձևություն

Նորաձևության, դիզայնի և շքեղության ոլորտում գործող ընկերություններին (ապրանքային նշանի իրավատերերին, մեծածախ և մանրածախ վաճառողներին և այլն) մենք տրամադրում ենք խորհրդատվություն տարբեր իրավական հարցերի վերաբերյալ: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին լիցենզային, դիստրիբյուտորական, ֆրանչայզինգի պայմանագրերի, էլեկտրոնային առևտրային պայմանագրերի և այլ պայմանագրերի նախագծերի կազմման և բանակցման ընթացքում: Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին՝ ապրանքային նշանները Հայաստանում գրանցելու գործընթացում, օժանդակում ենք նրանց` իրենց մտավոր սեփականության իրավունքները խախտումներից պաշտպանելիս: Մեր հաճախորդներին տրամադրում ենք նաև խորհրդատվություն կորպորատիվ, անշարժ գույքի, տվյալների պաշտպանության, սպառողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային իրավունքի և այլ հարցերի վերաբերյալ:

Առողջապահություն և դեղագործություն

Առողջապահություն և դեղագործություն

Առողջապահության և դեղագործության ոլորտի հաճախորդներին մատուցվող մեր ծառայությունները ներառում են. առողջապահության և դեղագործության ոլորտը կարգավորող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում և տեղեկանքների կազմում, արտադրողների, դիստրիբյուտորների և մեծածախ վաճառք իրականացնողների համար առևտրային գործարքների նախագծերի կազմում, օտարերկրյա առողջապահական և դեղագործական ընկերությունների հայաստանյան դուստր ընկերությունների և մասնաճյուղերի հիմնադրման և պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի կազմում և ներկայացում, առողջապահական և դեղագործական ընկերությունների ձեռքբերման գործարքների կազմում, տվյալների պաշտպանության և գաղտնիության հարցերի հետ կապված խորհրդատվության տրամադրում, հաճախորդների ներկայացում պետական մարմինների և գործակալությունների հետ հարաբերություններում, խորհրդատվություն կորպորատիվ, աշխատանքային, իրավական ակտերի պահանջներին գործունեության համապատասխանության և այլ հարցերով:

Հյուրանոցային և հանգստի ոլորտ

Հյուրանոցային և հանգստի ոլորտ

Ունենալով հյուրանոցային և հանգստի ոլորտում գործող հաճախորդներին (սեփականատերերին, օպերատորներին, վարկատուներին և ներդրողներին) խորհրդատվություն տրամադրելու մեծ փորձ, մենք կարողանում ենք օգնել նրանց՝ կայացնելու ճիշտ որոշումներ և կենսագործելու իրենց բիզնես նպատակները: Մեր ծառայությունները ներառում են. իրավաբանական խորհրդատվության և աջակցության տրամադրում հյուրանոցների շինարարության, հյուրանոցի գույքի ձեռքբերման և վաճառքի, իրավական ակտերի պահանջներին նրանց գործունեության համապատասխանության, կորպորատիվ, հարկային, աշխատանքային հարաբերությունների, վեճերի լուծման հետ կապված հարցերով, հյուրանոցների կառավարման, ֆրանչայզինգի, վարձակալության, ապրանքային նշանի լիցենզային/ենթալիցենզային և նոու-հաուի օգտագործման և այլ պայմանագրերի կազմում և բանակցում, իրավական աջակցություն հյուրանոցային բիզնեսի ձեռքբերման գործարքներում՝ գործարքի նախապատրաստումից և իրավական ուսումնասիրումից սկսած մինչև կնքումն ու ավարտը:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործող ընկերություններին մենք տրամադրում ենք խորհրդատվություն ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական տարբեր կարգավորումների վերաբերյալ: Մենք պատրաստում ենք վերլուծություններ և տեղեկանքներ ինտերնետով օնլայն խանութների միջոցով բովանդակության (content) առուվաճառքի, օնլայն վաճառքի և էլեկտրոնային առևտրի այլ տեսակների իրավական կարգավորումների և պահանջների վերաբերյալ, իրականացնում ենք օնլայն խանութների Դրույթների և Պայմանների (T&C), Գաղտնիության Քաղաքականության և այլ իրավական փաստաթղթերի ուսումնասիրություն և դրանց վերանայում` ՀՀ օրենսդրության պահանջներին դրանք համապատասխանեցնելու նպատակով: Մենք նաև կազմում ենք ծրագրային ապահովման լիցենզային, ծրագրային ապահովման մշակման, հոստինգի տրամադրման և այլ պայմանագրերի նախագծեր և բանակցում դրանց շուրջ:

Մեր հաճախորդներին մենք տրամադրում ենք խորհրդատվություն աշխատողների կողմից ստեղծված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ գործատուի իրավունքներն ամրագրելու և պաշտպանելու մեխանիզմների վերաբերյալ: Մենք նաև տրամադրում ենք խորհրդատվություն անձնական տվյալների պաշտպանության և տվյալների գաղտնիության իրավական կարգավորումների վերաբերյալ:

Հանքարդյունահանում և էներգետիկա

Հանքարդյունահանում և էներգետիկա

Մենք իրականացնում ենք հանքարդյունահանման և էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունների համապարփակ իրավական ուսումնասիրություն (due diligence)՝ այդ ընկերությունների ձեռքբերման կամ վաճառքի հետ կապված՝ հաճախորդներին խորհրդատվություն տրամադրելիս, պատրաստում ենք իրավական տեղեկանքներ ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների վերաբերյալ: Մենք օժանդակում ենք մեր հաճախորդներին անհրաժեշտ լիցենզիաներ և թույլտվություններ ստանալու հարցում, ներկայացնում ենք նրանց շահերը պետական կարգավորող մարմինների հետ հարաբերություններում:

Անշարժ գույք

Անշարժ գույք

Ունենալով անշարժ գույքի հետ կապված բարդ և խոշոր գործարքների կազմման և բանակցման մեծ փորձ, մենք տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն անշարժ գույքի ոլորտում գործող օտարերկրյա և հայաստանյան ընկերություններին (սեփականատերերին, կառուցապատողներին, վարկատուներին, ներդրողներին, կապալառուներին, ենթակապալառուներին և այլն) անշարժ գույքի գործարքների տարբեր իրավական ասպեկտների վերաբերյալ՝ անշարժ գույքի բոլոր տեսակների, ներառյալ՝ առևտրային, արտադրական և բնակելի նշանակության անշարժ գույքի առնչությամբ:

Մենք նաև տրամադրում ենք կառուցապատման գործունեության իրավական աջակցություն և ուղղորդում ենք մեր հաճախորդներին կառուցապատման ծրագրի բոլոր փուլերում՝ սկսած հողմասի/տարածքի ձեռքբերումից և կառուցապատման թույլտվությունների ստացումից մինչև կառուցապատողի սեփականության իրավունքի գրանցումը և պայմանագրերի ու փաստաթղթերի տիպային ձևերի պատրաստումը:

Հեռահաղորդակցություն և մեդիա

Հեռահաղորդակցություն և մեդիա

Մեր հաճախորդներ հանդիսացող մեդիա ընկերություններին մենք տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն հեռուստառադիոհեռարձակման գործունեությունը և զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի, գովազդի վերաբերյալ օրենսդրության, լիցենզավորման, միաձուլման և ձեռքբերման գործարքների, կորպորատիվ, աշխատանքային իրավունքի, մտավոր սեփականության և դատական վեճերի հետ կապված հարցերով: Մեր հաճախորդների թվում են միջազգային առաջատար մեդիա և հեռարձակող ընկերություններ:

Հեռահաղորդակցության ոլորտում գործող մեր հաճախորդներին (հանրային ցանցերի օպերատորներին, ծառայություն մատուցողներին և այլն) մենք տրամադրում ենք խորհրդատվություն հեռահաղորդակցության բնագավառը կարգավորող ՀՀ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջների վերաբերյալ, ներկայացնում ենք նրանց շահերը կարգավորող մարմնի հետ հարաբերություններում: